Էկո-Դպրոցներ ծրագրի մասին
Կայուն դպրոցների ծրագիր
Էկո-Դպրոցներ ծրագիրը հանդիսանալով Բնապահպանական կրթության հիմնադրամի (FEE) կողմից ստեղծված համաշխարհային նախաձեռնություն, որը սերունդ առ սերունդ կերտում է կայուն մտածողությամբ էկոլոգիապես գիտակից մարդկանց: Ծրագիրն իրականացվում է ավելի քան 70 երկրներում և 59,000 դպրոցներում:
Ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել աշակերտներին վարել կայուն ապրելակերպ՝ բնապահպանական իրազեկությունը կրթության մեջ ինտեգրելու միջոցով: Այն խթանում է կայունության մշակույթը գործնական ուսուցման միջոցով՝ աշակերտներին տրամադրելով հմտություններ՝ դիմագրավելու բնապահպանական մարտահրավերներին և խթանելու կայուն գործելակերպը ավելի կանաչ մոլորակի համար:
Էկո-Դպրոցներ ծրագիրը նախատեսված է այն աշակերտների, մանկավարժների և համայնքի անդամների համար, ովքեր անտարբեր չեն շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ և օգնում են դպրոցներին ձեռնամուխ լինել իրենց դպրոցի շրջակա միջավայրի վրա ազդեցության բարելավմանը, ինչն անմիջականորեն հանգեցնում է ավելի կայուն, ավելի քիչ ծախսատար և ավելի պատասխանատու դպրոցական միջավայրի:
Հայաստանում Էկո-Դպրոցների մասին
«Այ Էս Էս Դի» ՀԿ-ն հանդիսանալով Բնապահպանական կրթության հիմնադրամի (FEE) անդամ կազմակերպություն, ինչպես նաև Հայաստանի ազգային օպերատոր, 2024թ.-ին մեկնարկել է Էկո-Դպրոցներ ծրագիրը՝ Synopsys Inc․-ի աջակցության շնորհիվ: Առաջին փուլում «Այ Էս Էս Դի»-ն թիրախավորել է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի 50 դպրոց: Ընտրված դպրոցներում կանցկացվեն մի շարք դասընթացներ և այլ միջոցառումներ, որպեսզի հնարավորություն ընձեռնվի բարելավել շրջակա միջավայրի վիճակը և ստանալ Կանաչ Դրոշ մրցանակը: Առաջին փուլում «Այ Էս Էս Դի»-ն ձեռնամուխ կլինի.
- Մի շարք ուսումնական նյութերի մշակմանը, որը կներառի ուսուցիչների ձեռնարկներ, աշխատաթերթեր և այլն,
- Ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված դասընթացների կազմակերպմանը,
- Իրազեկման և բնապահպանական միջոցառումների կազմակերպմանը,
- Ընտրված դպրոցներին 7 քայլերի միջով աջակցմանը և այլն:
Կցանկանա՞ք աջակցել մեր ծրագրին:
Գրանցվեք այսօր՝ ռեսուրսներին հասանելիություն ձեռք բերելու և հավաստագրման գործընթացը սկսելու համար: